ԱԳ նախարար Նալբանդյանը մասնակցեց Սերբիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը

23 հունիսի, 2017

Հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում մասնակցեց Սերբիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Սերբիայի նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը նաև նշեց, որ հայ և սերբ ժողովուրդների՝ պատմամշակութային ընդհանրությունների վրա խարսխված դարավոր բարեկամությունն ամուր հենք է ծառայում միջպետական կապերի հետագա ընդլայնման ու խորացման համար, և Հայաստանը մեծապես կարևորում է Սերբիայի հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում:

Բելգրադում Էդվարդ Նալբանդյանը նաև մասնակցեց Սերբիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի կողմից տրված աշխատանքային ճաշին:

Տպել էջը