Հայաստանի և Սինգապուրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ
01 հուլիսի, 2017Հուլիսի 1-ին Հայաստանի և Սինգապուրի արտաքին գործերի նախարարները նամակներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ միջպետական հարաբերությունների քառորդ դարի ընթացքում երկու երկրները ձևավորել են ամուր գործընկերություն ու սերտ համագործակցություն մի շարք ոլորտներում՝ երկկողմ հարաբերություններում գրանցելով բազմաթիվ նշանակալից ձեռքբերումներ:
Նախարար Նալբանդյանը փաստում է, որ հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեցան 2009թ. Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուի այցը Հայաստան, ինչպես նաև 2012թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Սինգապուր:
ՀՀ արտգործնախարարն ընդգծում է, որ զարգացման և բարգավաճման Սինգապուրի ուղին ոգեշնչող է Հայաստանի համար: Էդվարդ Նալբանդյանը հավելում է, որ Հայաստանը բարձր է գնահատում հաստատված բարեկամական հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով երկու երկրները կշարունակեն ընդլայնել գործընկերությունն ու փոխշահավետ համագործակցությունը:
Վիվիան Բալակրիշնանն իր ուղերձում ընդգծում է, որ Սինգապուրը և Հայաստանը հաստատել են բարեկամական հարաբերություներ և սերտ համագործակցում են միջազգային հարթակներում՝ շեշտելով, որ, որպես փոքր պետություններ կիսում ենք նմանատիպ հեռանկարներ:
Սինգապուրի արտգործնախարարը նշում է, որ ջերմությամբ է հիշում ՀՀ ԱԳ նախարարի հետ 2016թ. սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին Նյու Յորքում կայացած հանդիպումը, ուր քննարկվեցին մարտահրավերները, որոնց բախվում են փոքր երկրները:
Նախարար Բալակրիշնանը բարձր է գնահատում Հայաստանի ակտիվ աջակցությունը Եվրասիական տնտեսական միություն - Սինգապուր ազատ առևտրի պայմանագրի կնքմանը, որը նրա կարծիքով շահավետ կլինի թե մեր երկրների, թե մեր տարածաշրջանների համար:
Սինգապուրի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնում շարունակելու համատեղ աշխատանքը՝ միտված երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը՝ ի շահ երկու ժողովուրդների: