Ամենամյա մշակութային փառատոն ռումինական Դումբրավենում

09 հուլիսի, 2017

Հուլիսի 7-ից 9-ը Ռումինիայի Դումբրավեն քաղաքում անցկացվեց Դումբրավենի մշակութային փառատոնի 4-րդ թողարկումը, որը կազմակերպել էին Դումբրավենի քաղաքապետարանը և Ռումինիայի Հայոց Միության Դումբրավենի մասնաճյուղը՝ Ռումինիայում ՀՀ դեսպանի հովանու ներքո:

Փառատոնին ներկա էին և ողջույնի ու գնահատանքի խոսքերով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը, Դումբրավենի քաղաքապետ Էմիլ Դարլոշանը, փառատոնի կազմակերպիչներից դոկտոր Վասիլե Հաբորը:

Փառատոնին ներկա էին նաև հյուրեր անձիք մայրաքաղաք Բուխարեստից, Կլուժից, նահանգային կենտրոն Սիբիուից, Դումբարվենի մերձակայքից և Ռումինիայի Հայոց միության ղեկավարներ և ներկայացուցիչներ Բայա Մարեից, Ռոմանից, Թըրգու Օկնայից ու այլ վայրերից:

Փառատոնի շրջանակներում Դումբարվենի 300-ամյա հայ կաթողիկե Սբ. Եղիսաբեթ տաճարում վոկալ և գործիքային համերգային կատարումներով հանդես եկան հանրահայտ խմբեր և մենակատարներ, այդ թվում ’’Ad Libitum Voices’’ վոկալ խումբը և ’’Cellissimo’’ թավջութակահարների հռչակավոր կվարտետը, հնչեցին Հենդելի, Հայդնի, Շումանի, Շուբերտի, Վագների, Ռիմսկի-Կորսակովի, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորներ Դավիթ Պոպի և Պյացոլայի ու այլոց ստեղծագործություններ: Դումբարվենի մշակույթի տանը դասական համերգ-դասախոսությունով հանդես եկան հռչակավոր դաշնակահար Հորիա Միհաիլը և թավջութակահար Ռազվան Սուման:

Ապաֆի ամրոցում` Տրանսիլվանիայի Հայոց թանգարանում, կայացավ նկարիչ Իոն Անգելի դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդեսը և «Բարոկկո արվեստը Տրանսիլվանիայում» սիմպոզիումը, ուր ելույթ ունեցան ռումին հայտնի գրող և նկարիչ դոկտ. պրոֆ. Գեորգե Անգելը և արվեստաբան Միրչա Օլիվը:

Փառատոնի մասնակիցների և հյուրերի համար հայկական ավանդական խոհանոցը ներկայացրեց Պաուլ Հակոբյանը:

Դումբրավենի մշակութային փառատոնի վերաբերյալ մի շարք արձագանքներ եղան ռումինական ԶԼՄ-ներում:

Տեղեկանք: Ռումինիայի Սիբիու նահանգի Դումբրավեն քաղաքը՝ նախկին Ելիզաբեթուպոլիսը, Գեռլա-Արմենոպոլիսի հետ միասին Տրանսիլվանիայի այսպես կոչված «հայկական քաղաքներից» է: Հայերն այստեղ բնակություն են հաստատել 17-րդ դարի վերջում և մեծապես նպաստել քաղաքի տնտեսական և մշակութային զարգացմանը: Քաղաքում պահպանվել են հայկական եկեղեցիները, դպրոցները, վարչական և թաղական շենքերը: 2012թ. Ապաֆի ամրոցում բացվեց Տրանսիլվանիայի Հայոց թանգարանը, գործում է «Սուրբ Եղիսաբեթ հայոց միությունը», որի ղեկավարն է Իոն Կալինեսկուն: Յուրաքանչյուր տարի օգոստոսի 15-ին Դումբրավենի Սբ. Եղիսաբեթ հայ կաթոլիկ տաճարում հայկական ծեսով նժվում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, որին մասնակցում են հայեր ամբողջ Ռումինիայից:

Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ 2012թ. հոկտեմբերին բարեկամության և համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Դումբրավենի և Հայաստանի Նոյեմբերյան քաղաքի միջև:

Տպել էջը