ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից համատեղ կազմակերպված կլոր սեղան-քննարկում

13 հուլիսի, 2017

Հուլիսի 13-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպեց կլոր սեղան-քննարկում` կայուն զարգացման հարցերով ՄԱԿ-ի քաղաքական բարձրաստիճան ֆորումի շրջանակներում:

«Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված հանրօգուտ ներդրում և նորարարություն» խորագրով միջոցառումը կենտրոնացած էր նորարարության ու սոցիալական ձեռներեցության ազդեցության խթանմանը` ՄԱԿ-ի զարգացման նպատակներին համահունչ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն, ԳՔ փոխտեղակալ Ջիհան Սուլթանողլուն: Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի կողմից ներկայացվեցին Երևանում ս.թ մարտին կայացած` զարգացմանն ուղղված հանրօգուտ ներդրումների հարցերով առաջին գլոբալ գագաթնաժողովի արդյունքները:

ՀՀ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը, անդրադառնալով արդյունավետ գործընկերության և համագործակցության մոդելներին, ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից որպես հանրային-մասնավոր գործընկերություն հիմնված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի աշխատանքները, որոնք ուղղված են ներդումային ուղղություն ունեցող բարեփոխումների օրակարգը խթանելուն:

Կլոր սեղանի բանախոսներն էին հայկական մի շարք ձեռնարկությունների և կազմակերպւթյունների ներկայացուցիչներ, այդ թվում` «Հայաստանի երեխաներ» հիմնադրամի տնօրեն Կարո Արմենը, «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր տնօրեն Սուրեն Ալոյանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ինչպես նաև հանրօգուտ ներդրումների ոլորտի ակնառու ներկայացուցիչներ:

Հայաստանի օրինակի վրա բանախոսները քննարկեցին նորարարության և հանրօգուտ ձեռներեցության դերը կայուն զարգացման համաշխարհային օրակարգի համատեքստում:

Տպել էջը