Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Չինաստանի արտգործնախարարի օգնականին

09 օգոստոսի, 2017

Օգոստոսի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Լի Հուիլայի գլխավորած պատվիրակությանը, որ Երևանում է գտնվում երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-չինական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը՝ նշելով, որ Հայաստանում Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում են որպես արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չինաստանի բաձրաստիճան դիվանագետը Հայաստանի արտգործնարարին փոխանցեց ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի ողջույններն ու բարեմաղթանքները և ընդգծեց, որ իր երկիրը ցանկանում է էլ ավելի խորացնել Հայաստանի հետ դինամիկ զարգացող գործընկերությունը և ամրապնդել բարեկամական կապերը: «Հայաստանի և Չինաստանի աննախադեպ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունները և բարեկամությունը հիմնված են անկեղծության և փոխադարձ հարգանքի վրա»,- շեշտեց Լի Հուիլայը։

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

Կողմերն արժևորեցին Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25 տարվա ընթացքում ձևավորված տարբեր բնագավառներում հաստատված սերտ համագործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Լի Հուիլայը քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող բազմաթիվ հարցեր, կարևորեցին քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կառույցներում համագործակցությունը, միմյանց համար կարևոր հարցերում փոխադարձ շարունակական աջակցությունը։

Հանդիպմանը քննարկվեցին առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերը։ Այս առումով անդրադարձ արվեց հայ-չինական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Լի Հուիլայը կարևորեց այս տարվա մայիսին Պեկինում տեղի ունեցած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովին հայկական կողմի մասնակցությունը՝ ընդգծելով, որ այդ ծրագիրը լայն հնարավորություն է ընձեռում երկկողմ տնտեսական փոխգործակցության խթանման համար: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց Հայաստանի շահագրգռվածությունը՝ ակտիվորեն մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում: Այս առնչությամբ կարևորվեց Չինաստանի Դալիան քաղաքի օտար լեզուների համալսարանում հայագիտական կենտրոնի, ինչպես նաև Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի գործունեությունը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն հայտնեց Չինաստանի կողմից Հայաստանին անկախությունից ի վեր ցուցաբերվող օժանդակության համար:

Հանդիպման օրակարգում էին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցեր։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը՝ բարձր գնահատելով հիմնախնդրի կարգավորման հարցում բարեկամ Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Իր հերթին, Լի Հուիլայն ընդգծեց, որ Չինաստանը սատարում է խնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Հանդիպումից հետո Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Չինաստանի ԱԳ նախարարի օգնական Լի Հուիլայը ներկա գտնվեցին Երևանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողությանը:

Ելույթ ունենալով հիմնարկեքի արարողությանը՝ Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, նշեց. «Ինձ վրա միշտ մեծ տպավորություն են գործում չինական ժողովրդական ասացվածքները՝ մի կողմից իրենց պարզությամբ, իսկ մյուս կողմից՝ իրենց իմաստությամբ: Նման ասույթներից մեկն ասում է. «Ծառ տնկելու լավագույն ժամանակը քսանհինգ տարի առաջ էր: Հաջորդ ամենահարմար պահը՝ այսօր է»:

Եվ իսկապես, 25 տարի առաջ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև: Այս տարիների ընթացքում և՛ Չինաստանը, և՛ Հայաստանը արել են ամեն հնարավորը, որպեսզի մեր բազմադարյա բարեկամական հարաբերություններն ամրանան, զարգանան և ընդլայնվեն:

Դա թե՛ ամենաբարձր մակարդակով քաղաքական երկխոսությունն է, այն բարի, ջերմ հարաբերությունները, որոնք հաստատվել են մեր երկրների ղեկավարների միջև: Դա թե՛ կառավարությունների միջև տնտեսական համագործակցության հարցերով փոխգործակցությունն է, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում համագործակցությունը: Դա թե՛ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև ձևավորված սերտ համագործակցությունն է, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը: Դա թե՛ այն բարի հարաբերություններն են, որոնք ձևավորվել են Հայաստանի և Չինաստանի ժողովուրդների միջև:

Կա մեկ այլ ասացվածք ևս. «Հազար մղոն ճանապարհ անցնելու համար պետք է կատարել առաջին քայլը»: Այսօր մենք անում ենք առաջին խորհրդանշական քայլը՝ դնում ենք Հայաստանում Չինաստանի դեսպանատան նոր շենքի հիմքի առաջին քարը: Չինաստանի ղեկավարությունը, հայացքը հառելով վաղվա օրվան, որոշեց, որ Հայաստանում անհրաժեշտ է կառուցել նոր, մեծ դեսպանություն՝ այն հեռանկարով, որ այդ դեսպանությունը կծառայի նոր, կարևոր և առավել խոշոր նախագծերի իրականացմանը՝ հանուն մեր երկու երկրների հարաբերությունների և բարեկամության զարգացմանն ու ամրապնդման:

Ցանկանում եմ շնորհավորել մեր չինացի բարեկամներին այս լավ մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն բոլոր նրանց, ովքեր իրականացնելու են այս նախագիծը: Կեցցե հայ-չինական բարեկամությանը»:

Տպել էջը