Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակ

23 օգոստոսի, 2017

Օգոստոսի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը շնորհավորական ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, անցած 25 տարիների ընթացքում երկու երկրներին հաջողվել է ամուր հիմք ստեղծել երկկողմ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման համար:

Էդվարդ Նալբանդյանը կարևորում է երկկողմ գործարար կապերի ամրապնդումը՝ ընդգծելով, որ առկա է մեծ ներուժ առևտրա-տնտեսական կապերի խթանման համար:

Նախարար Նալբանդյանը արժևորում է նաև ԵՄ շրջանակներում հայ-էստոնական արդյունավետ համագործակցությունը:

Հայաստանի արտգործնախարարը ընդգծում է Էստոնիայի փոքրաթիվ, սական ամուր հայկական համայնքի դերը երկու երկրներն իրար առավել մերձեցնելու գործում:

Էստոնիայի արտոգործնախարար Սվեն Միկսերն իր ուղերձում նշում է, որ անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի և Էստոնիայի միջև հարաբերություններն ավելի ակտիվացել են՝ խորացնելով գործնական համագործակցությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարգավաճման:

Նախարար Միկսերն ընդգծում է, որ Էստոնիայի կառավարությունը Արևելյան գործընկերությունը հռչակել է Եվրոպական Միության Խորհրդում իր նախագահության հիմնական առաջնայնություններից մեկը և ակնկալում է Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, ինչն ավելի կընդլայնի հարաբերությունների շրջանակը:

Ամփոփելով ուղերձը՝ Սվեն Միկսերը համոզմունք է հայտնում, որ երկու երկրների համատեղ ջանքերը ամուր հիմք կծառայեն երկկողմ քաղաքական և տնտեսական կապերի հետագա ամրապնդման համար: 

Տպել էջը