Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

31 օգոստոսի, 2017

Օգոստոսի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սուարաջը շնորհավորական ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում արժևորում է անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի և Հնդկաստանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված ամուր միջպետական կապերի հաստատումը՝ նշելով, որ երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակով քաղաքական երկխոսություն և լայն իրավապայմանագրային դաշտ:

Էդվարդ Նալբանդյանը կարևորում է վերջերս Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի այցը Հայաստան, որը նոր խթան է հաղորդել տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերություններին՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ հետագա բարձր մակարդակի փոխադարձ այցերն էապես կնպաստեն երկկողմ օրակարգի ընդլայնմանը:

Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում Հնդկաստանի արտգործնախարարը նշում է, որ երկու երկրների միջև առկա սերտ հարաբերությունները հիմնված են երկու հազարամյակից ավելի պատմություն ունեցող պատմա-մշակութային կապերի վրա:

Արտգործնախարար Սուարաջը ընդգծում է Հնդկաստանի պատրաստակամությունը Հայաստանի հետ հարաբերություններն առավել խորացնելու և համագործակցության նոր բնագավառներում կապեր զարգացնելու ուղղությամբ: 

Տպել էջը