ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Ինդոնեզիայի Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի փոխնախագահի ղեկավարած պատվիրակությանը

31 օգոստոսի, 2017

Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Ինդոնեզիայի Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի փոխնախագահ, դոկտոր Ֆադլի Զոնի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էին Ներկայացուցիչների պալատի հինգ պատգամավորներ, Հայաստանում Ինդոնեզիայի դեսպան Յուդի Կրիսնանդին (նստավայրը՝ Կիև), ուղեկցող այլ անձինք:

Ողջունելով հյուրին, նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում ակտիվացել են երկու երկրների միջև շփումներն ամենատարբեր ոլորտներում, երկու երկրները հաջողությամբ համագործակցում են նաև միջազգային կառույցների շրջանակներում:

Ինդոնեզիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, դոկտոր Ֆադլի Զոնը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ արձանագրեց, որ բազմաթիվ միջազգային հիմնախնդիրների շուրջ երկու երկրներն ունեն համանման մոտեցումներ:

Հանդիպմանը երկուստեք կարևորվեց երկկողմ տնտեսական և մշակութային հարաբերությունների հետագա զարգացումը, որի համար առկա է բավարար ներուժ: Որպես հեռանկարային ոլորտներ նշվեցին նաև զբոսաշրջության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցությունը: Գործարարության և ներդրումների բնագավառում համագործակցության զարգացման համար որպես լուրջ նախադրյալ նշվեց Ինդոնեզիայի անդամակցությունը G20–ին և Հայաստանի անդամությունը ԵԱՏՄ-ին, ինչպես նաև այլ շուկաներում Հայաստանի համար գործող արտոնյալ պայմանները:

Երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման համատեքստում անդրադարձ կատարվեց խորհրդարանականների միջև համագործակցության հետագա զարգացմանը, երկու ժողովուրդների միջև կապերի խթանմանն ամենատարբեր ոլորտներում: Կարևորվեց նաև հարաբերությունների խթանման նպատակով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ շարունակական խորհրդակցությունների և համատեղ ձեռնարկների կազմակերպումը:

Դոկտոր Ֆադլի Զոնը պատրաստակամություն հայտնեց ներդնելու ջանքեր՝ երկու երկրների միջև առկա համագործակցության ներուժը լիարժեք օգտագործելու համար:

Նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ կարևորելով բարեկամ երկրների սատարումը միջնորդական առաքելության համար միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացվող ջանքերին:

Մտքեր փոխանակվեցին նաև համապատասխան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև միջազգային օրակարագի մի շարք խնդիրների շուրջ:

Տպել էջը