Հայաստանի և Ինդոնեզիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

16 սեպտեմբերի, 2017

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդին շնորհավորական ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի և Ինդոնեզիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ անցած 25 տարիների ընթացքում համատեղ ջանքերով լավ հիմք է ձևավորվել միջպետական հարաբերությունների զարգացման և երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի խորացման համար:

Մեծապես արժեվորելով փոխադարձ վստահության, հարգանքի և համագործակցության ոգով կատարված աշխատանքը՝ նախարար Նալբանդյանը համոզմունք է հայտնում, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված դինամիկան կշարունակի ծավալվել՝ նպաստելով հայ-ինդոնեզական երկկողմ օրակարգի ընդլայնմանը:

Էդվարդ Նալբանդյանը նաև գոհունակություն է հայտնում միջազգային հարթակներում, հատկապես ՄԱԿ-ում, ձևավորված փոխշահավետ համագործակցության կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այդ համագործակցության խորացումը կնպաստի խաղաղության և անվտանգության ամրապնդմանը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակում:

Արտգործնախարար Ռետնո Մարսուդին, շնորհավորանքներ հղելով Հայաստանի և Ինդոնեզիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, նշում է, որ անցած 25 տարիների ընթացքում բարեկամության, հավասարության, ինչպես նաև փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդվել և խորացել են:

Ռետնո Մարսուդին ընդգծելով, որ երկու երկրների ներուժը դեռևս լիովին օգտագործված չէ՝ համոզմունք է հայտնում, որ երկու երկրները կարող են առավել զարգացնել և ընդլայնել տարբեր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ հարաբերությունները՝ հասցնելով դրանք որակական նոր, ավելի բարձր մակարդակի:

Եզրափակելով իր ուղերձը՝ Ինդոնեզիայի արտգործնախարարը վստահություն է հայտնում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդմանը:

Տպել էջը