Դեսպան Ապիտոնյանի հանդիպումը Օրեբրոյի նահանգապետի հետ

25 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 25-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն աշխատանքային այց կատարեց երկրի արդյունաբերական և կրթական կենտրոններից մեկը հանդիսացող Օրեբրոյի նահանգ, որի ընթացքում հանդիպումներ ունեցավ Օրեբրոյի նահանգապետ Մարիա Լարսոնի, Օրեբրոյի քաղաքային խորհրդի նախագահ Ագնետա Բլյոմի և քաղաքապետ Քենեթ Նիլսոնի հետ։

ՀՀ դեսպանը վերստին շնորհակալություն հայտնեց Օրեբրոյի նահանգային և քաղաքային իշխանություններին Հայոց ցեղասպանության հուշակոթողի կանգնեցման համար, ինչը 2015թ. առաջին նման հուշարձանն էր Շվեդիայում՝ տեղադրված նահանգային և քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ, ինչպես նաև Օրեբրոյի հայ համայնքի հանդեպ մշտական ուշադրության համար։

Ի շարունակություն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ քննարկվեցին Օրեբրոյի նահանգի և Օրեբրո քաղաքի՝ ՀՀ մարզային ու քաղաքային իշխանությունների հետ ապակենտրոնացված համագործակցության հաստատման խնդիրները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացումը՝ մասնավորապես գյուղատնտեսության, բնապահպանության, էկոտուրիզմի, կանացի զբաղվածության ոլորտներում։

Զրուցակիցների խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց նաև Հայաստանի ներդրումային միջավայրը և դրա բարելավման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին։

 

Տպել էջը