ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայինիուս Պուրասի հետ

25 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն չափանիշներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայինիուս Պուրասի հետ:

Ողջունելով հյուրին՝ նախարարի տեղակալ Հովակիմյանը ներկայացրեց Հայաստանում վերջին տարիների ընթացքում մարդու իրավունքների ոլորտում արձանագրված առաջընթացը, Սահմանադրական փոփոխությունների արդյունքում իրականացվող բարեփոխումները:

Փոխնախարարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը ՄԱԿ-ի կառույցների, այդ թվում հատուկ ընթացակարգերի, պայմանագրային մարմինների և մոնիթորինգային այլ մեխանիզմների հետ՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ դեռևս 2006թ. Հայաստանը բաց հրավեր է ուղարկել ՄԱԿ-ի բոլոր թեմատիկ ընթացակարգերին:

Տեղեկանք. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերը մարդու իրավունքների ոլորտում անկախ փորձագետներ են, ովքեր իրավասու են մարդու իրավունքների ոլորտի կամ առանձին երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին հստակ հարցերի շուրջ տեղեկացնել և խորհրդատվություն տրամադրել: Հատուկ ընթացակարգերի համակարգը հանդիսանում է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի մեխանիզմի կենտրոնական տարր և ընդգրկում է մարդու բոլոր իրավունքները՝ քաղաքացիական, մշակութային, տնտեսական, քաղաքական և սոցիալական: 2017թ. օգոստոսի 1-ի դրությամբ եղել է 44 թեմատիկ և 12 երկրների մանդատ:

Տպել էջը