Հայաստանի արտգործնախարարի և Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարի հանդիպումը

27 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած ՄիացյալԹագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնին:

Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ այս տարի լրանում է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ հույս հայտնելով, որ պետնախարարի առաջին այցը Հայաստան կնպաստի հայ-բրիտանական միջպետական կապերի առավել զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Դանքնը նշեց, որ Միացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերություններն ու ընդգծեց, որ իր այցելության նպատակը երկկողմ համագործակցությանը խթանելն է։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաստատվել է արդյունավետ համագործակցություն մի շարք ուղղություններով և առկա է երկուստեք պատրաստակամություն առավել ընդլայնել հայ-բրիտանական երկկողմ օրակարգը:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության խորացման, ակտիվ միջխորհրդարանական կապերի խրախուսման, կրթության և մշակույթի բնագավառում համատեղ ծրագրերի ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ:

Բանակցությունների օրակարգում էր առևտրատնտեսական կապերի առավել խթանումը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորեց բրիտանացի խորհրդարանական Մարկ Փրիթչարդի նշանակումը ՄԹ վարչապետի կողմից Հայաստանի հետ առևտրի բանագնացի պաշտոնում։

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրներին:

Հայաստանի արտաքին գործերի նախարարն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Էդվարդ Նալբանդյանի և Ալեն Դանքնի հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիս։ 

Տպել էջը