Արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին
05 հոկտեմբերի, 2017Հոկտեմբերի 5-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին:
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը շնորհավորեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությանբ և հաջողություն մաղթեց նրան իր գործունեության մեջ։ Նա ասաց, որ ուրախ է Հարլեմ Դեզիրին Երևանում ողջունել այս անգամ միջազգային բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակում։
Էդվարդ նալբանդյանը նշեց, որ պարոն Դեզիրի այցը և նախատեսված հանդիպումները լավ հնարավորություն կընձեռեն ծանոթանալու մամուլի ազատության բնագավառում ԵԱՀԿ պարտավորությունների կատարման ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքներին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հարլեմ Դեզիրը համոզմունք հայտնեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կշարունակվի Հայաստանի իշխանությունների և ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջև հաստատված արդյունավետ համագործակցության ավանդույթը:
Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ անդամ երկրներում մամուլի ազատության ապահովման հետ կապված հարցեր, մտքեր փոանակեցին Հայաստանում լրատվամիջոցների գործունեության շուրջ։