ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հանդիպումը ԳԴՀ ԱԳՆ հանձնակատարի հետ

09 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեի գլխավորած պատվիրակությանը։

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի համատեքստում կողմերը քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր՝ ներառյալ քաղաքական երկխոսության ակտիվացման հեռանկարներն ու տարբեր ուղղություններով երկու երկրների միջև ընթացող փոխգործակցությունը։ 

Փոխնախարար Նազարյանն ու Անդրեաս Պեշկեն քննարկեցին նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին ս.թ. նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային այլ ձևաչափերում ՀՀ մասնակցության հետ կապված հարցերի շուրջ։

Հանդիպմանը կողմերն անդրադարձ կատարեցին ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը միտված Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։
 

Տպել էջը