ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի հանդիպումը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տնօրենի տեղակալ հետ

18 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 18-ին ՀՀ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Վլադիմիր Ռախմանինին:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցությունը և իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում բազմաբնույթ ծրագրերի իրականացման գործում կազմակերպության կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Հանդիպմանն անդրադարձ եղավ ՄԱԿ-ի շրջանակներում իրականացվող բարեփոխումներին, կայուն զարգացման, պարենի անվտանգության, կլիմայի փոփոխության, աղքատության կրճատմանն առնչվող խնդիրներին:
Երկուստեք կարևորվեց ԵԱՏՄ և ՄԱԿ-ի ՊԳԿ համագործակցությունը գյուղատնտեսական ոլորտի կարգավորման դաշտին առնչվող փոխգործակցության համատեքստում:

Կողմերը համոզմունք հայտնեցին, որ իրավապայմանագրային դաշտի զարգացումն ավելի կխթանի համագործակցությունը Հայաստանի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև և կնպաստի նոր ծրագրերի մեկնարկին:

Վլադիմիր Ռախմանինը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը շարունակական աջակցության համար և հույս հայտնեց, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն կբերի ծրագրերի մշակման գործընթացում՝ 2018թ. կեսերին Վորոնեժում կայանալիք տարածաշրջանային հերթական հանդիպման շրջանակներում:
 

Տպել էջը