Հայաստանի արտաքին գործերի նախարարի և Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատարի հանդիպումը

18 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Բրյուսել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։

Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց արդեն մոտ չորս տարի Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի շուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող համաձայնագրերի հաջող իրականացման կապակցությամբ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորեց ԵՄ անդամ երկրների կողմից Երևանում հիմնադրած վիզային կենտրոնների աշխատանքների բարելավումը։

Հայաստանի արտգործնախարարն ու Եվրամիության հանձնակատարը քննարկեցին մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությանն առնչվող հարցեր։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստման շուրջ։

Տպել էջը