Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ-ում մասնակցեց Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը
20 հոկտեմբերի, 2017Հոկտեմբերի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երևանի պետական համալսարան, ուր ներկա գտնվեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացման արարողությանը:
Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և Հայաստանում ՄԱԿ-ի ռեզիդենտ ներկայացուցիչ Բռեդլի Բուզետոն։
Ողջունելով Հայաստանի Մայր ԲՈՒՀ-ում Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացումը՝ նախարար Նալբանդյանը մասնավորապես ասաց.
«Սեպտեմբերի 1-ին գիտելիքի օրվա կապակցությամբ Երևանի պետական համալսարանում էի: Ուրախ եմ, նորից գալ մայր ԲՈՒՀ այս կարևոր առիթով՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացման կապակցությամբ։
Հատկանշական է, որ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյակի տարում մենք ևս մեկ անգամ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Բուտրոս-Ղալիի հիշատակին, ով եղել է 20-րդ դարի երկրորդ կեսի միջազգային հարթակի ամենահեղինակավոր անձանցից մեկը՝ կարկառուն պետական գործիչ և փայլուն դիվանագետ: Նա բախտորոշ ժամանակաշրջանում ստանձնեց Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարությունը, հմտորեն առաջնորդեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, անմնացորդ նվիրվածությամբ իր հարուստ գիտելիքներն ու փորձն ի սպաս դրեց աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատմանը և բարեկեցությանը: Ես պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու այս բացառիկ մարդուն, շատ ջերմ բարեկամական հարաբերություններ եմ ունեցել, որի հետ հանդիպումներից մնացել են ամենավառ հիշողություններ:
Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության ակունքները ևս կապված են Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան հետ, ով այդ ժամանակ գլխավորում էր այս գլոբալ կառույցը: Խորհրդանշական է, որ դրանից երկու տարի անց, Երևան իր այցելության ժամանակ, Բուտրոս Ղալին հյուրընկալվեց նաև Երևանի պետական համալսարանում։
Աշխարհաքաղաքական բեկումնային փոփոխությունների ժամանակաշրջանում, երբ միջազգային կառույցները փորձում էին արձագանքել նոր զարգացումներին և հակամարտությունների կանխարգելման ու հանգուցալուծման մեխանիզմներ ձևավորել, Բուտրոս-Ղալին առաջ քաշեց «Խաղաղության օրակարգ»-ի գաղափարը, որն անկասկած ավելի քան արդիական էր աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող հակամարտությունների համատեքստում:
Համաշխարհային պատմության տարեգրության մեջ նա կմնա որպես գործիչ, որը պատրաստ էր առճակատվել խնդիրներին, չէր խուսափում դժվարություներից՝ փորձելով լուծումներ փնտրել բազում մարտահրավերների համար։ Որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ իր մանդատի սահմաններում, նա արեց իրենից կախված առավելագույնը՝ հանուն մարդկության անվտանգության, խաղաղության և բարօրության:
Հուսով եմ, որ այս լսարանում ուսանողները կստանան անհրաժեշտ գիտելիքներ և առաջնորդվելով նաև Բուտրոս Ղալիի գաղափարների ոգով՝ կծառայեն և՛ Հայրենիքին, և՛ համամարդկային արժեքների առաջմղմանը, փորձելով իրենց նպաստը բերել աշխարհում խաղաղության հաստատմանն ու կայուն զարգացմանը»։