ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը Բուխարեստում մասնակցեց ՖՄԿ միջազգային համաժողովին
02 նոյեմբերի, 2017Նոյեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը Բուխարեստում մասնակցեց Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության «Ստեղծագործում, նորարարություն, ձեռնարկատիրություն, տնտեսական աճ և զարգացում. Կանայք հաստատվում են» խորագրով միջազգային համաժողովին, որը ՖՄԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ անցնում էր Ռումինիայի նախագահի բարձր հովանու ներքո:
Համաժողովին ներկա էին ՖՄԿ անդամ երկրների նախագահներ, նախարարներ, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանկոֆոնիայի կառույցների ղեկավարներ, դիվանագետներ, կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ձեռնարկատերեր, մշակութային գործիչներ:
Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը, այլ երկրների ղեկավարներ, ՖՄԿ Գլխավոր քարտուղար տիկին Միքաել Ժանը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, «ՄԱԿ կանայք» կառույցի գործադիր տնօրենի տեղակալ Յանիկ Գլեմարեկը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ուիդեդ Բուշամաուին (Թունիս): Համաժողովի եզրափակիչ մասում իր ամփոփիչ ելույթի ընթացքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը ներկայացրեց համաժողովի թեմատիկայի ուղղությամբ ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների կողմից իրականացվող քայլերը:
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակիցներին տեղեկացրեց նաև 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք ՖՄԿ 17-րդ Գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների և հարակից այլ միջոցառումների մասին:
Շահեն Ավագյանը Բուխարեստում հանդիպում ունեցավ նաև Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և անդրադարձ կատարեցին հետագա համագործակցությանն ուղղված քայլերին: