ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հանդիպումը Ֆինլանդիայի ԱԳ պետքարտուղար Սամուլի Վիրտանենի հետ

14 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ֆինլանդիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուլի Վիրտանենին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգի ընդլայնմանն առնչվող հարցեր՝ երկուստեք փաստելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ֆիննական քաղաքական ու տնտեսական երկխոսությունը շարունակական զարգացում է ապրում։

Քննարկումները կենտրոնացան առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի վրա, մտքեր փոխանակվեցին ոլորտային ուղղություններով փոխգործակցության խթանման վերաբերյալ։

Փոխնախարար Նազարյանն անդրադարձավ Ֆինլանդիայի՝ որպես դոնոր երկրի կողմից տարբեր ոլորտներում իրականացվող աջակցության ծրագրերին, որոնք նպաստում են Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների շարունակականությանն, ու կարևորեց Հայաստանի և Ֆինլանդիայի արդյունավետ շփումները միջազգային տարբեր կառույցների, ինչպես նաև Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում։

Ֆիննական կողմի խնդրանքով Կարեն Նազարյանը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Նույն օրը Սամուլի Վիրտանենին ընդունեց նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։
 

Տպել էջը