Դեսպան Մարտիրոսյանի հանդիպումը Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

22 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի 22-ին Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը հանդիպում ունեցավ Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոֆ Ռիգանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-կանադական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպան Մարտիրոսյանի ջանքերի շնորհիվ հայ-կանադական երկկողմ հարաբերություններն ավելի են զարգանալու համագործակցության բոլոր ուղղություններով:

Պարոն Ռիգանի խնդրանքով դեսպան Մարտիրոսյանը վերջինիս տեղեկացրեց երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումներին և առաջիկայում նախատեսվելիք ծրագրերին: Կողմերը մտքեր փոխանակեցին խորհրարանական ձևաչափում երկկողմ համագործակցությանն առնչվող նախագծերի վերաբերյալ` կարևորելով Հայաստանի և Կանադայի խորհրդարաններում գործող խորհրդարանական բարեկամության խմբերի միջև ակտիվ փոխգործակցության ծավալումը:

Անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպությունների, հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում երկու երկրների համագործակցությանը: ՀՀ դեսպանը Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահին տեղեկացրեց 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կապակցությամբ կատարվելիք նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվեցին նաև տարածաշրջանային և միջազգային արդի հարցեր:
 

Տպել էջը