Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի նախագահությունը

26 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետություն ու կառավարություն միավորող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների համաժողովի նախագահությունը։

Համաժողովի ավարտին տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովի նախագահությունը։

Ելույթ ունենալով նախագահության փոխանցման արարողությանը` նախարար Նալբանդյանն ասաց.

«Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,
Հարգելի՛գործընկերներ,

Այս պահին, երբ Հայաստանը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի նախագահությունը, հպարտության զգացում եմ ապրում Հայաստանի հանդեպ ցուցաբերված այս պատվի համար։

Մեկ անգամ ևս ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարներին Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի անցկացումը մեր երկրին վստահելու համար։

Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,
Հարգելի՛գործընկերներ,

Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի վիթխարի աշխատանք է մեզ սպասում։ Առաջին հերթին, հարկավոր է ապահովել Գագաթաժողովի հաջողությունը՝ կազմակերպչական առումով։ Այս ուղղությամբ ակնկալում ենք սերտորեն համագործակցել Մադագասկարի նախագահության, Ձեզ հետ, տիկի՛ն Գլխավոր քարտուղար, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների և կառավարությունների հետ։

Ցանկանում եմ ջերմորեն շնորհակալություն հայտնել Մադագասկարի իմ գործընկերոջը։ Այսուհետ Հայաստանին և Մադագասկարին միացնում են ինչպես պատմական, այնպես էլ խորհրդանշական կապեր։

Հարգելի՛ գործընկեր,

Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի նախագահությունը Դուք ստանձնեցիք Հայաստանում, և այսօր արդեն Դուք եք այդ նախագահությունը փոխանցում Հայաստանին, էլ չասած այն մասին, որ հենց Անտանանարիվուում էր, որ որոշում կայացվեց Ֆրանկոֆոնիայի հաջորդ Գագաթաժողովը Երևանում անցկացնելու վերաբերյալ։

Ակնկալում ենք նաև համատեղ և մշտական աշխատանք իրականացնել Թունիսի հետ, որին Հայաստանը փոխանցելու է մեր Կազմակերպության հաջորդ Գագաթաժողովը կազմակերպելու պատիվն ու արտոնությունը։

Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,
Հարգելի՛գործընկերներ,

Մենք հենց այսպես ենք ընկալում համագործակցությունը մեր ֆրանկոֆոն ընտանիքի ներսում։ Մենք մտադիր ենք համատեղ աշխատանք իրականցնել բոլորիդ հետ՝ Երևանի Գագաթաժողովի հաջողությունն ապահովելու համար, քանի որ այս Գագաթաժողովի հաջողությունը մեր բոլորի հավաքական հաջողությունն է, մեր ֆրանկոֆոն ընտանիքի ընդհանուր հաջողությունը։

Շնորհակալություն։

Այսպիսով, Ֆրանկոֆոնիայի 34-րդ նախարարական համաժողովը հայտարարում եմ փակված»։

Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական և Ֆրանսիայի` Եվրոպայի և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի արդյունքներով հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։

Տպել էջը