Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովը միաձայն հավանություն տվեց Երևանում գագաթաժողովի անցկացման վերաբերյալ Հայաստանի առաջարկություններին
26 նոյեմբերի, 2017Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարների 34-րդ համաժողովում ներկայացվեց Երևանում 2018թ. կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համաժողովի մասնակիցների հաստատմանը ներկայացրեց կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների ժամկետները, գագաթաժողովի խորհրդանիշը, կարգախոսը և քննարկումների հիմնական թեմաները։
Հայաստանի առաջարկությամբ որոշվեց Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթաժողովն անցկացնել 2018թ․ հոկտեմբերի 11-12-ին, իսկ ՖՄԿ կանոնադրական մարմինների նիստերը հետևյալ օրացույցով՝ հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը, հոկտեմբերի 8-9-ին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը։
«Ապրել միասին»-ը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը հաստատեց որպես Երևանյան գագաթաժողովի կարգախոս։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ այդ կարգախոսը դրվելու է առաջարկվելիք՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նոր հիմնարար փաստաթղթի՝ Երևանյան պակտի հիմքում։ Նախարարի խոսքերով՝ Պակտը կարտացոլի Ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքները՝ մարդու և ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, ինչպես նաև պայքարն այնպիսի երևույթների դեմ, ինչպիսիք են այլատյացությունը, անհանդուրժողականությունը, խտրականությունը և ատելության սերմանումը։
Նախարարական համաժողովի մասնակիցները դիտեցին Հայաստանի մասին այցեքարտ-ֆիլմ՝ Գագաթաժողովի անցկացման պայմանների, նիստերի անցկացման վայրի, ենթակառուցվածքների և կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ։
Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովը միաձայն հավանություն տվեց Երևանում գագաթաժողովի անցկացման վերաբերյալ Հայաստանի բոլոր առաջարկություններին: