ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացվեց ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

28 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի 28-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ Հալեպում ծնված ֆրանսահայ հայտնի քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի ստեղծագործությունների՝ «Խաղաղություն. Թորոսի ամբողջական հավաքածու» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի և Սիրիայի մշտական ներկայացուցչությունների համատեղ ջանքերով։

Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան ՅՈՒՆԵՍԿՕ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Լամյա Շաքուրը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Լևոն Ամիրջանյանը և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար, դեսպան Վահրամ Կաժոյանը։

Միջոցառմանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի նախագահը, քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ֆրանսիայի սենատորներ, պատգամավորներ, ինչպես նաև մշակույթի գործիչներ, ֆրանսահայ համայնքի անդամներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Այցելուների համար ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը:
 

Տպել էջը