ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը ՄԻԳՀԳ-ի դաշտային գործողությունների և տեխնիկական համագործակցության վարչության տնօրեն Ժորժետ Գանյոնի գլխավորած պատվիրակության հետ

30 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Դաշտային գործողությունների և տեխնիկական համագործակցության վարչության տնօրեն Ժորժետ Գանյոնի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց Հայաստանի մոտեցումները ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ և այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

Աշոտ Հովակիմյանն ընդգծեց, որ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Հայաստանի մոտեցումները հիմնված են այս ոլորտում միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված սկզբունքների՝ մարդու իրավունքների համընդհանրության և փոխկապակցվածության վրա, ինչը նշանակում է, որ ոչ մեկը, այդ թվում Արցախի ժողովուրդը, չեն կարող դուրս մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգից:

Անդրադառնալով Ժորժետ Գանյոնի գլխավորած պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցին՝ Աշոտ Հովակիմյանն ընդգծեց, որ տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները քաղաքական նպատակներով շահարկում են փախստականների խնդիրները, մինչդեռ կարող էին օգտագործել միջազգային համապատասխան կառույցների կողմից հատկացված աջակցությունը՝ այդ մարդկանց համար արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Այնուհետև, նախարարի տեղակալը շեշտեց, որ փախստականների հարցը ԼՂ հակամարտության կարգավորման փաթեթի մաս են կազմում և չեն կարող դիտարկվել առանձին:

Այնուհետև, նախարարի տեղակալը հյուրերին ներկայացրեց մարդու իրավունքների ոլորտում ՀՀ գերական ուղղությունները և իրականացվող աշխատանքները:

Ի պատասխան տիկին Գանյոնը տեղեկացրեց, որ Հայաստան իրենց այցի նպատակն է էլ ավելի ամրապնդել համագործակցությունը Մարդու իրավուքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ:

ՄԻԳՀԳ ներկայացոցիչը բարձր գնահատեց միջազգային հարթակներում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ ակտիվ ջանքերը, մասնավորապես՝ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:
 

Տպել էջը