Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՍԾՏՀԿ Գլխավոր քարտուղարին
04 դեկտեմբերի, 2017Դեկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսին:
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները և, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` գլխավոր քարտուղար Քրիստիդիսը գոհունակություն հայտնեց ՍԾՏՀԿ շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։
Զրուցակիցներն անդրադարձան Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահությանը և դրա առաջնահերթություններին։
Էդվարդ Նալբանդյանը և Մայքլ Քրիստիդիսը քննարկեցին ՍԾՏՀԿ շրջանակներում փոխգործակցության առաջնային ուղղությունները, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանականերում կազմակերպության կանոնադրությանը և սկզբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր վնասակար են և հարված են հասցնում կառույցի հեղինակությանը։