Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հունաստանի հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

13 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 12-ին Աթենքում պաշտոնական այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հունաստանի հայկական կազմակերպությունների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Աթենք իր այցելության նպատակները և օրակարգը, հայ-հունական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Նախարարը հանգամանալից անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին, հիմնահարցի հանգուցալուծման գործընթանցի վերջին զարգացումներին։

Էդվարդ Նալբանդյանը հունահայ համայնքի ներկայացուցիչներին տեղեկացրեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված համագործակցության հեռանկարների մասին, ծանոթացրեց միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։

Նախարար Նալբանդյանն անդրադարձավ Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի արդյունքներին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահությանը, Երևանում հաջորդ տարի կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Տպել էջը