ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Հայաստանում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի պատվիրակության ղեկավարի հետ

14 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Հարավային Կովկասի նորանշանակ պատվիրակության ղեկավար Մաքս Սանթների (նստավայրը՝ Թբիլիսի) գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին՝ արտգործնախարարի տեղակալը կարևորեց պատվիրակության այցը Հայաստանում Ֆեդերացիայի գործունեության վերսկսման համատեքստում, որն իր մեջ ներառում է բնական աղետների կառավարում, դրանց հետևանքների վերա­ցում, համաճարակների վերահսկում ու կանխարգելում և այլն:

Նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները սերտ համագործակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ, և հույս հայտնեց, որ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ֆեդերացիայի Հարավային Կովկասի գրասենյակի վերաբացումը կնպաստի այդ համագործակցության առավել ընդլայնմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաքս Սանթները արտաքին գործերի նախարարի տեղակալին մանրամասն ներկայացրեց գրասենյակի առաքելությունը և գործառույթները:

Տեղեկանք. Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան միջազգային ոչ միջկառավարական մարդասիրական օգնության կազմակերպություն է (կենտրոնակայանը Ժնևում է), որի անդամ են աշխարհի 190 պետությունների Կարմիր խաչի ազգային ընկերություններ (այդ թվում՝ «Հայկական կարմիր խաչը»)։ Ֆեդերացիան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և վերոնշյալ 190 ազգային ընկերությունների հետ մեկտեղ, դիտարկվում է որպես Կարմիր խաչի միջազգային շարժման երեք բաղկացուցիչ մասերից մեկը։ Ֆեդերացիան 2002-2014 թ.թ. ընթացքում ներկայացուցիչ է ունեցել Հայաստանում։

Տպել էջը