Եռակողմ հանդիպում արտաքին գործերի նախարարությունում

14 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի և Կիպրոսի նախագահի՝ հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի գլխավորած պատվիրակություններին:

Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվեցին հայ-հունական և հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց երեք երկրների միջև բարձր մակարդակով ընթացող քաղաքական երկխոսությանը, միջկառավարական և միջխորհրդարանական կառույցներում փոխգործակցության կարևորությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հարցերին:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում Կարեն Նազարյանը շնորհակալություն հայտնեց հունական ու կիպրական կողմերի ցուցաբերվող անվերապահ աջակցության համար։ Կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հիմնախնդիրների խաղաղ կարգավորման հարցում միմյանց դիրքորոշումներին աջակցելու ու միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափերում ընթացող միջնորդական ջանքերին սատարելու ուղղությամբ:

Եռակողմ հանդիպմանն առանձնակիորեն ընդգծվեցին սփյուռքի ներուժի օգտագործման կարևորությունը և արտերկրում համայնքային կառուցների միջև տարբեր ուղղություններով համագործակցության խթանման հնարավորությունները:
 

Տպել էջը