ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ելույթ ունեցավ քաղհասարակության դերին նվիրված համաժողովում

18 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, որպես հիմնական զեկուցող, մասնակցեց «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից հրավիրված համաժողովին, որը նվիրված էր Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարման ապահովման գործընթացում քաղաքացիական հասարակության դերին։

Հանրային քննարկմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպանները:

Կարեն Նազարյանն իր խոսքում կարևորեց որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը՝ նշելով, որ այն արդեն ավանդույթ դարձած աշխատանքային պրակտիկա և պարտադիր աշխատաոճ է։

ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի ու նրա գործընկեր երկրների հետ հարաբերությունների զարգացման գործընթացում արտաքին գործերի նախարարությունը մշտապես բաց է եղել բոլոր շահառուների հետ տեսակետների փոխանակման ու քննարկման համար՝ հավելելով, որ այդ տեսակետներին ու այլընտրանքային մոտեցումներին ծանոթանալը մեծապես օգնում է ծանոթանալու արտաքին քաղաքականության տարբեր հարցերի վերաբերյալ հանրային կարծիքին ու ընկալումներին, և հաշվի նստել դրանց հետ՝ վերջնական որոշումների կայացման ու դրանց իրականացման փուլերում:

Կարեն Նազարյանն առանձնացրեց Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի, Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության և մյուսների հետ ընթացող երկխոսությունն ու քննարկումները՝ հույս հայտնելով, որ դրանք ապագայում ևս կշարունակվեն՝ ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնմանը զուգընթաց։

Համաժողովին ԱԳ փոխնախարարը պատասխանեց մասնակիցների կողմից արված հարցադրումներին։

Տպել էջը