ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ելույթ ունեցավ ՀՀ-ԵՄ Խորհրդարանական համագործակցության կոմիտեի երևանյան նիստում

19 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 19-ին ԱԺ-ում մեկնարկեց ՀՀ-ԵՄ Խորհրդարանական համագործակցության կոմիտեի 17-րդ հանդիպումը։ Քննարկումների օրակարգում ընդգրկված են Եվրամիության հետ Հայաստանի երկկողմ հարաբերություններին առնչվող կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ազդեցությունը քաղաքական ու տնտեսական բարեփոխումների գործընթացի վրա, արդյունաբերության, գյուղատնտեսության, Էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և այլ ոլորտներում համագործակցության նոր շրջանակը, Ժողովրդավարությունն ու հիմնարար իրավունքների պաշտպանությունը Հայաստանում և այլն։

Նիստին ողջյունի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ով իր ելույթում, նոր շրջանակային համաձայնագրին զուգահեռ, մատնանշեց 2017թ. ընթացքում ՀՀ—ԵՄ հարաբերությունների կարևոր ձեռքբերումները, ինչպիսիք են՝ Գործընկերության առաջնայնությունների հաստատումը, «Ընդհանուր ավիացիոն գոտու» համաձայնագրի նախաստորագրումը, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու շուրջ բանակցությունների ավարտը և այլն։

Վերահաստատելով ՀՀ իշխանությունների հանձնառությունը՝ շարունակել երկրում ընթացող լայնածավալ բարեփոխումները՝ Կարեն Նազարյանը նաև կարևորեց Եվրախորհրդարանի ու նրա անդամների շարունակական աջակցությունն այս գործընթացում։

Տարածաշրջանային կայունության պահպանման համատեքստում փոխնախարար Նազարյանը բարձր գնահատեց այն հանգամանքը, որ ԵՄ-ն տարբեր մակարդակներով հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ԼՂ հակամարտության խաղաղ և միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա կարգավորմանն իր աջակցության մասին, այդ թվում նաև ս․թ. հուլիսի 5-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում, ուր, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, ի թիվս կարգավորման այլ սկզբունքների, զորակցություն է հայտնվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

Տպել էջը