Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարի հետ
20 դեկտեմբերի, 2017
Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի հետ:
Ողջունելով հյուրին՝ պետքարտուղար Լեմուանը ջերմությամբ վերհիշեց ս.թ. նոյեմբերի 26-ին Փարիզում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովի շրջանակներում նախարար Նալբանդյանի հետ հանդիպումը: Զրուցակիցները քննարկեցին 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպան ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի: Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Լեմուանը քննարկեցին միջխորհրդարանական կապերին, ապակենտրոնացված համագործակցությանը, առևտրատնտեսկան կապերի ընդլայնմանը, գիտակրթական փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։
ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին։
ՀՀ արտգործնախարարը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։