ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց «Միջազգային խաղաղության և անվտանգության ժամանակակից մարտահրավերները» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի

20 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ «Միջազգային խաղաղության և անվտանգության ժամանակակից մարտահրավերները» խորագրով քննարկում, որին մասնակցեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը:

Հանդիպմանը բազման ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով անդրադարձավ ահաբեկչության դեմ պայքարի, զարգացման քաղաքականության, մարդու իրավունքների խրախուսման, հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործում կանանց ներգրավման կարևորությանը։

Դեսպան Մնացականյանն իր ելույթում անդրադարձավ հակամարտությունների վաղ կանխարգելման կարևորությանը, ատելության, անհանդուրժողականության, ազգային պատկանելիության հիման վրա խտրականության դրսևորումներին։

ՀՀ դեսպանը նշեց, որ ատելության քարոզի, անհանդուրժողականության, այլատյացության, ռասայական և ազգային պատկանելիության հիման վրա խտրականության դրսևորումները պետք է միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատականի արժանանան, հատկապես երբ այդ երևույթները խթանվում են քաղաքական իշխանությունների կողմից։

Հակամարտությունների կարգավորման գործում տարածաշրջանային կազմակերպությունների դերակատարության համատեքստում, Մնացականյանը գոհունակությամբ նշեց միջազգային հանրության, ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղարի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Հիշատակելով հոկտեմբերի 16-ին ու դեկտեմբերի 6-ին կայացած` Նախագահների ու արտաքին գործերի նախարարների մակարդակներով հանդիպումները և դրանց վերաբերյալ համապատասխան հայտարարությունները, նա վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնարար սկզբունքների ու էլեմենտների հիման վրա, որոնք ներկայացված են որպես ամբողջական փաթեթ:

ՀՀ մշտական ներկայացուցիչն, անդրադառնալով ահաբեկչության սպառնալիքին, հիշատակեց «Իսլամական պետության», Ալ Քաիդայի, ահաբեկչական խմբավորումների կողմից եզդիների, քրիստոնյաների և այլ կրոնական ու ազգային խմբերի ներկայացուցիչների նկատմամբ Մերձավոր Արևելքում՝ հատկապես Սիրիայում կատարված անմարդկային հանցագործությունները, ներաառյալ Սիրիայի Քեսաբ և Դեյր Զոր բնակավայրերից էթնիկ հայ բնակչության արտաքսումը։ ՀՀ դեսպանը նշեց նաև Հայաստանի կողմից Սիրիային տրամադրվող մարդասիրական օժանդակության մասին, ընդգծելով, որ Հայաստանն ապաստան է տրամադրել ավելի քան 22.000 փախստականների Սիրիայից։

ՀՀ դեսպանը կարևորեց Հայաստանի մասնակցությունը Լիբանանում և Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում, նշելով, որ 2015 թ․ Խաղաղապահությանը նվիրված համաշխարհային գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի Նախագահը պատրաստակամություն էր հայտնել ավելացնելու ՀՀ ներգրավվածությունը միջազգային խաղաղապահպահ գործողություններին:
 

Տպել էջը