Արտգործնախարարն ընդունեց Հայաստանում ՄԱԿ գրասենյակի ղեկավարին

15 հունվարի, 2018

Հունվարի 15-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:

Կարևորելով Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի տարբեր կառույցների աշխատանքներին և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում Բրեդլի Բուզետտոյի ներդրումը Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի արդյունավետ իրականացման գործում:

Շնորհակալություն հայտնելով իր գործունեության բարձր գնահատականի համար, Բրեդլի Բուզետտոն նշեց, որ առաքելության ընթացքում մշտապես զգացել է Հայաստանի իշխանությունների բազմակողմանի աջակցությունը։

Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը Բրեդլի Բուզետտոյին պարգևատրեց արտգործնախարարության պատվո մեդալով:
 

Տպել էջը