Դեսպան Մինասյանի և Ռումինիայի ԱԳ նախարարի հանդիպումը

25 հունվարի, 2018

Հունվարի 25-ին Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուն ընդունեց Հայաստանի  դեսպան Սերգեյ Մինասյանին:

Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Ռումինայի ԱԳ նախարարը բեղմնավոր գործունեություն մաղթեց նրան: Թեոդոր Մելեշկանուն գոհունակությամբ նշեց, որ Ռումինիան առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նրա հետ:

Նախարարը երկկողմ հարաբերությունների տիրույթում կարևորեց նաև Ռումինիայի հայ համայնքի դերը, որը շարունակում է ակտիվ ներգրավվածություն ունենալ ինչպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ՝ հայ ինքնությունը պահպանելու, հայոց պատմությունն ու մշակույթը ջատագովելու գործում:

Անդրադառնալով նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում Հայաստան-ԵՄՀամապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքմանը՝ դեսպան Մինասյանը նշեց, որ այն բարենպաստ հնարավորություն է ստեղծում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման համար:

Զրուցակիցներն քննարկեցին գալիք հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ռումինական կողմի մասնակցության հարցը:

Քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, երկուստեք կարևորվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանումը, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության զարգացումը, ապակենտրոնացված համագործակցությունը, ինչպես նաև պաշտպանության և անվտանգային ոլորտներում շփումների ակտիվացումը:

Հանդիպան վերջում ՀՀ դեսպանն անդրադարձավ երկու նշանակալի հոբելյաններին, որոնք Հայաստանը և Ռումինիան նշում են ընթացիկ տարում` Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը և Ռումինիայի միավորման 100-ամյակը:

Շնորհակալություն հայտնելով նախարար Մելեշկանուին բովանդակալից զրույցի համար՝ դեսպան Մինասյանը հույս հայտնեց, որ նախարարը և ԱԳ նախարարությունը աջակցություն կցուցաբերեն իր դիվանագիտական աշխատանքում:

Տպել էջը