Նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Հռոմում մասնակցեց հակասեմիտիզմի դեմ պայքարին նվիրված միջազգային խորհրդաժողովին

29 հունվարի, 2018

Հունվարի 29-ին Հռոմում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ԵԱՀԿ իտալական նախագահության կողմից կազմակերպված ՛՛ԵԱՀԿ տարածաշրջանում հակասեմիտիզմի և դրա հողի վրա այլատյացության հանցանքների դեմ պայքարում պետությունների, հաստատությունների և անհատների պատասխանատվությունը՛՛ խորագրով միջազգային խորհրդաժողովին:

Խորհրդաժողովի մասնակիցներին ընդունեց Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը:

Խորհրդաժողովին բացման ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն։ Հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ մասնակից մի շարք երկրների նախարարներ և փոխնախարարներ, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենը, հրեական համաշխարհային և եվրոպական կամակերպությունների ղեկավարներ։

Խորհրդաժողովին քննարկվեցին անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի հարցեր՝ հակասեմիտիզմի հատուկ շեշտադրմամբ:

Նախարարի տեղակալ Հովակիմյանն իր ելույթում նշեց, որ Հոլոքոստի հիշատակի օրվա կապակցությամբ Հռոմում հակասեմիտիզմի դեմ պայքարի թեմայով խորհրդաժողովի կազմակերպումը խորհրդանշական բնույթ ունի: Նա ընդգծեց, որ հարգանքի տուրք մատուցելով նացիստական ռեժիմին զոհ գնացած հրեաներին, միջազգային հանրությունը պետք է վերահաստատի իր հանձնառությունը մարդու իրավունքներին և կրոնական, էթնիկ և ազգային խոցելի խմբերի պաշտպանությանը ու երաշխավորի, որ ցեղասպանություններ և մարդկության դեմ այլ հանցանքներ այլևս չեն կրկնվի:

ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանը նշեց, որ հայ և հրեա ժողովուրդների հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, Հայաստանի հրեական համայնքն ակտիվ մասնակցություն է ունենում երկրի սոցիալական և մշակութային կյանքում: Նա անդրադարձավ Հայաստանում հրեաների պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից գործադրվող ջանքերին՝ այդ համատեքստում նշելով Եղեգիսի միջնադարյան հրեական գերեզմանատան վերականգնողական աշխատանքների մասին:

Աշոտ Հովակիմյանը կարևորեց ցեղասպանության հիշատակման և կրթության վերաբերյալ ԵԱՀԿ հանձնառությունների կատարումը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ու դրա համար պատժի վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի 70-ամյակի կապակցությամբ նա կոչ արեց շարունակել հավատարիմ մնալ նշյալ առանցքային փաստաթղթերի տառին և ոգուն ԵԱՀԿ մարդկային չափանիշների հարթության օրակարգում:

Անդրադառնալով ցեղասպանության կանխարգելման, հիշատակման և կրթության ոլորտում Հայաստանի ազգային փորձառությանը՝ Աշոտ Հովակիմյանը հիշատակեց Երևանում 2017թ. նոյեմբերին “Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի անդամների հանդեպ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը և դրանց հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին” խորագրով ԵԱՀԿ խորհրդաժողովի անցկացումը:

Խորհրդաժողովի շրջանակներում նախարարի տեղակալ Հովակիմյանը երկկողմ հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Իտալիայի նախագահության համակարգող խմբի ղեկավարության և Իտալիայի ԱԳՆ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Կողմերը քննարկեցին իտալական նախագահության առաջնայնությունները և ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության հարցեր:

 

Տպել էջը