Դեսպան Մինասյանի հանդիպումը AUF-ի տարածաշրջանային տնօրենի հետ
30 հունվարի, 2018Հունվարի 30-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը ՀՀ դեսպանությունում ընդունեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (L’Agence universitaire de la Francophonie-AUF) տարածաշրջանային տնօրեն Մոհամեդ Կետատային:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ֆրանկոֆոն տարածքում համագործակցության ընդհանուր հարցեր՝ հատուկ անդրադարձ կատարելով համալսարանական ոլորտում համատեղ միջոցառումների անցկացման հնարավորություններին և համագործակցության հեռանկարներին:
Կողմերն անդրադարձան Երևանում կայանալիք գագաթաժողովից առաջ AUF-ի նախաձեռնած ֆրանկոֆոն համալսարանների ռեկտորների՝ Երևան այցի ծրագրին և կազմակերպչական հարցերին:
Մոհամեդ Կետատան ՀՀ դեսպանին հայտնեց, որ մոտ ժամանակներս ծրագրվում է նաև իր այցը Հայաստան, ուր նախատեսվում են մի շարք հանդիպումներ տարբեր պաշտոնյաների հետ:
Կողմերը պայմանավորվեցին պահպանել կանոնավոր շփումները՝ քննարկումները շարունակելու նպատակով: