Արտգործնախարարի նախագահությամբ կայացել է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

02 փետրվարի, 2018

Փետրվարի 2-ին արտգործնախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նիստին ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ինչպես նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Երևանի քաղաքապետարանի, «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի, Հ․ Թումանյանի թանգարանի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչներ:

Նիստի բացմանը Էդվարդ Նալբանդյանն ամփոփեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի՝ 2016-2017 թթ․ աշխատանքները, անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներգրավվածության առավել խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, 2018-2019թթ. նախատեսվող ծրագրերին։

Հանձնաժողովի անդամները հանդես եկան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում համագործակցության տարբեր բնագավառների վերաբերյալ առաջարկներով։

Նիստի մասնակիցները քննարկեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի` համաշխարհային ժառանգության, Մարդկության ոչ նյութական  մշակութային արժեքների ցանկերում ընդգրկման համար պարտրաստվող հայտերին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր տարեթվերի ցանկում ներառված հոբելյաններին, միջգերատեսչական փոխգործակցությանը, մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր։ 

 

Տպել էջը