Մալթայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

05 փետրվարի, 2018

Փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մալթայի նորանշանակ դեսպան Նատաշա Մելի Դոդեյին (նստավայրը՝ Վարշավա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով դեսպան Դոդեյին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Դոդեյը հավաստիացրեց, որ ջանք չի խնայի երկու երկրների միջև կապերին նոր լիցք հաղորդելու ուղղությամբ։

Նախարար Նալբանդյանը, վերհիշելով անցյալ դեկտեմբերին Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելայի հետ ունեցած հանդիպումը, համոզմունք հայտնեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն ու կնպաստեն քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում համագործակցության, միջխորհրդարանական կապերի, առևտրատնտեսական կապերի, մշակութային փոխանակումների ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը:

Երկուստեք նշվեց, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման համար:

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
 

Տպել էջը