Հայաստանի և Եգիպտոսի արտգործնախարարների հանդիպումը

17 փետրվարի, 2018

Փետրվարի 17-ին Մյունխենում` ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ:

Արտգործնախարարները, գոհունակությամբ շեշտելով, որ հայ-եգիպտական կապերը հիմնված են երկու ժողովուրդների դարավոր պատմամշակութային առնչությունների և փոխադարձ համակրանքի վրա, կարևորեցին հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման նպատակով հավելյալ քայլերի ձեռնարկումը։

Մտքեր փոխանակվեցին առևտրատնտեսական կապերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնան շուրջ, անդրադարձ կատարվեց հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:

Հայաստանի և Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնումը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եգիպտացի գործընկերոջը ներկայացրեց Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Էդվարդ Նալբանդյանի և Սամեհ Շուքրիի ուշադրության կենտրոնում էին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրները:

Հայաստանի ԱԳ նախարարն իր պաշտոնակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
 

Տպել էջը