Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին

21 փետրվարի, 2018

Փետրվարի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին:

Եվրոպացի խորհրդարանականներին ուղղված իր խոսքում ԱԳ նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, անդրադարձավ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ընդգծելով, որ այս կարևոր փաստաթուղթը տարբեր բնագավառներում համագործակցության խորացման մեծ հնարավորություններ է ընձեռում:

Էդվարդ Նալբանդյանը, կարևորելով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպումները, գոհունակությամբ նշեց, որ նախորդ տարվա մայիսին նմանատիպ հանդիպումից ի վեր Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում մեծ առաջընթաց է արձանագրվել, որի գագաթնակետն էր Բրյուսելյան գագաթաժողովին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

Ելույթում Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ Նախագահի 2008թ. նախաձեռնությունը և դրան հետևած զարգացումները։

Նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ կարևորելով Եվրախորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը։

Հայաստանի արտգործնախարարի ելույթում կարևոր տեղ էր հատկացված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին և հանգուցալուծման հեռանկարներին:

Նախարարի ելույթից հետո Եվրախոհրդարանի պատգամավորները իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ընդլայնմանը՝ ընգծելով, որ Եվրասիական միության անդամ Հայաստանի քայլերը օրինակելի են դրական ներգրավվածության տեսանկյունից։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների՝ ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններին, Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխգործակցության, տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին վերաբերող հարցերին:  

Տպել էջը