Դեսպան Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
27 փետրվարի, 2018Փետրվարի 27-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Հանդիպման ընթացքում Դեսպան Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեց Հայաստանի Հանրապետության Նախագահի և արտգործնախարարի ջերմ ողջույնները: Այնուհետև, դեսպանը հանգամանալից ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական ընթացքը և գագաթաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները:
Անտոնիո Գուտերեշը, շնորհակալություն հայտնելով ողջույնների համար, հիշատակեց 2017թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի շրջանակներում Հայաստանի Նախագահի հետ ունեցած հանդիպումը և իր նախկին պաշտոնում Հայաստան կատարած այցերը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գոհունակությամբ հիշեց ՄԱԿ-ին անդամակցության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի կողմից կազմակերպված համերգ-միջոցառումը, որին ինքը ներկա էր գտնվել, ինչպես նաև ողջունեց Ֆրանկոֆոնիայի գալիք գագաթաժողովը Երևանում անցկացնելու որոշումը՝ վերահաստատելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Հայաստանի հետ ՄԱԿ-ի շարունակաբար աճող համագործակցության ամրապնդմանը սատարելու իր հանձնառությունը։
Դեսպան Մնացականյանն ու Գլխավոր քարտուղար Գուտերեշը մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ում և դրա կառույցների շրջանակներում փոխգործակցության և միջազգային բազմակողմ գործընթացներում իրականացվող նախաձեռնությունների վերաբերյալ։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը վերահաստատեց ՄԱԿ-ի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրանց առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: