Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրենին
28 փետրվարի, 2018Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերին:
Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց Միավորված ազգերի կազմակերպության և նրա կառույցների աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվաածության կապակցությամբ։
Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրենը մտքեր փոխանակեցին Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ, անդրադարձան ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման բնագավառում Հայաստանի նախաձեռնություններին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակի կապակցությամբ Հայաստանը հանդես է եկել գործողությունների հստակ առաջարկություններ պարունակող և կանխարգելման ուղղությամբ ՄԱԿ-ի և նրա անդամ երկրների գործունեության վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի նոր բանաձև ընդունելու նախաձեռնությամբ։ Նախարար Նալբանդյանը զրուցակցին տեղեկացրեց նաև, որ Հայաստանը դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպելու է Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է լինելու կրթության միջոցով ցեղասպանությունների կանխարգելմանը:
Զրուցակիցներն անդրադարձան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված նպատակներին, կարևորեցին դրանց արդյունավետ իրականացումն ու այդ ուղղությամբ ՄԱԿ-ի անդամ երկրների համագործակցությունը: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց «Կայուն զարգացման նպատակների» իրագործման շրջանակներում Հայաստանի ներգրավվածությունը և իրականացրած աշխատանքները:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին։
Էդվարդ Նալբանդյանը Մայքլ Մյոլլերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։