Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարների հանդիպումը
14 մարտի, 2018Մարտի 14-ին Կոպենհագենում տեղի ունեցավ Հայաստանի և Դանիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Անդերս Սամուելսենի հանդիպումը։
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Անդերս Սամուելսենը հույս հայտնեց, որ այցը նոր լիցք կհաղորդի հայ-դանիական հարաբերություններին: Շնորհակալություն հայտնելով հրավերի և հյուրընկալության համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ կոպենհագենյան հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստանի և Դանիայի միջև փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-դանիական օրակարգային հարցերին, մտքեր փոխանակեցին տարբեր բնագավառներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության առավել զարգացման ուղիների շուրջ:
Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ հարցեր: Երկուստեք նշվեց բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների կարևորությունը: Այս համատեքստում արտգործնախարարներն ընդգծեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պարբերաբար անցկացման կարևորությունը:
Անդրադառնալով երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրեց, որ այս այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել 3 համաձայնագիր:
Հանդիպման ընթացքում արծարծվեցին Հայաստան ԵՄ հարաբերություններին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին առնչվող հարցեր:
Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք հարցերի շուրջ։
Հայաստանի և Դանիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը: