ՄԱԿ-ում շարունակվեց «Գյուղական բնակավայրերի կանանց և աղջիկների տնտեսական և սոցիալական հնարավորությունները» խորագրով միջոցառումը

14 մարտի, 2018

Մարտի 13-ին, Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի շրջանակում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Կիպրոսի, Բելգիայի, Բուլղարիայի և Ղազախստանի մշտական ներկայացուցչությունների հետ համատեղ կազմակերպեց «Առողջապահական ծառայությունների մատչելիությունը որպես գյուղական վայրերում կանանց և աղջիկների առաջխաղացման միջոց» խորագրով միջոցառումը:

Իր եզրափակիչ խոսքում դեսպան Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի ազգային քաղաքականությանը` ուղղված գյուղական բնակավայրերում առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովմանը, կանանց և աղջիկների առողջապահական ոլորտում իրազեկման բարձրացմանն ուղղված քարոզարշավներին:

Մարտի 14-ին ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցեց Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի օրակարգի՝ «Մամուլի և տեղեկատվական տեխնոլոգիաների հասանելիությունը կանանց համար և դրանց ազդեցությունը և կիրառումը որպես գործիք կանանց առաջխաղացման գործում» թեմայի ներքո Բուլղարիայի կամավոր հաշվետվության ներկայացմանը։ Իր խոսքում դեսպան Մնացականյանն ընդգծեց, որ որպես ինֆորմացիոն ու տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարությունների և ստեղծագործ կրթության ջատագով Հայաստանը կարևորում է դրանց դերը կանանց առաջխաղացման գործընթացում` անդրադարձ կատարելով ՀՀ-ում իրականացվող համապատասխան ծրագրերին:

Տպել էջը