Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված կոնֆերանս Բուխարեստում

21 մարտի, 2018

Մարտի 21-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց Ռումինիայի ԱԳՆ կողմից կազմակերպված կոնֆերանսին՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Ռումինիայի անդամակցության 25-ամյակին:

Կոնֆերանսին մասնակցում էին Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուն, Ռումինիայի նախագահի խորհրդական, Ֆրանկոֆոնիայի հարցերի համակարգող Սրջիու Նիստորը, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, մշակութային և հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի բացման պաշտոնական մասին հաջորդեց Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կապակցությամբ պատրաստված Հայաստանի մասին պատմող այցեքարտ-տեսահոլովակի ցուցադրությունը։ Միջոցառման ընթացքում Ռումինիայի ԱԳՆ, ինչպես նաև Ռումինիայում գործող ֆրանկոֆոն կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձան Երևանի գագաթաժողովին՝ նշելով, որ այն կնպաստի ֆրանկոֆոնիայի համատեքստում հասարակությունների մերձեցմանը, ինչպես նաև խաղաղության ամրապնդմանն ու կայուն զարգացմանը։

Կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցավ նաև դեսպան Մինասյանի և Ռումինիայի ԱԳ նախարար Մելեշկանուի առանձնազրույցը:

Տպել էջը