Դեսպան Մարտիրոսյանի աշխատանքային այցը Քվեբեկ նահանգ

21 մարտի, 2018

Մարտի 20-ին Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանն աշխատանքային այց կատարեց Քվեբեկ նահանգ, որի ընթացքում ՀՀ դեսպանը նահանգի կենտրոն Քվեբեկ քաղաքում մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված «Ապրել միասին 2018թ.` մարտահրավերները և լուծումները» խորագրով գիտաժողովին: Միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում ՀՀ դեսպանը խոսեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում ՀՀ և Կանադայի համագործակցության վերաբերյալ` առանձնացնելով մասնավորապես կազմակերպության շրջանակներում Քվեբեկի հետ մեր երկրի ծավալած փոխգործակցությունը, անդրադարձավ համատեղ նախաձեռնություններին, մասնակիցներին մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Նույն օրը Լևոն Մարտիրոսյանը հանդիպում ունեցավ Քվեբեկի Միջազգային հարաբերությունների և ֆրանկոֆոնիայի նախարար Քրիսթին Սեն-Պիերի հետ: Հանդիպմանը քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Տիկին Սեն-Պիերի խնդրանքով ՀՀ դեսպանը մանրամասն անդրադարձավ ինչպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, այնպես էլ այս օրերին Երևանում գումարված Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հանձնաժողովի նիստին: Ապակենտրոնացված համագործակցության զարգացման շրջանակներում կողմերը քննարկեցին ՀՀ և Կանադայի Քվեբեկ նահանգի միջև տարբեր ուղղություններով համագործակցության խորացման հեռանկարները, մատնանշվեցին մի շարք թիրախային նախագծեր:

Այնուհետև ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Քվեբեկի Ազգային ժողովի փոխնախագահ Ֆրանսուա Ուիմեի հետ: Հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում երկու երկրների համագործակցությանը: Քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային արդի հարցեր: Օրվա ողջ ընթացքում Քվեբեկի Խորհրդարանի շենքի վերևում ծածանվում էր ՀՀ պետական դրոշը:

Մարտի 21-ին ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ Քվեբեկի պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված մի շարք համատեղ նախագծեր:

ՀՀ դեսպանի աշխատանքային այցն ավարտվեց Քվեբեկի Լավալ համալսարան այցելությամբ, որտեղ դեսպանը հանդիպում ունեցավ պրոֆեսորադասախոսական կազմի, այդ թվում Հայաստանից գործուղված ֆիզիկոսների խմբի հետ:

Տպել էջը