Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Իռլանդիայի նորանշանակ դեսպանին

26 մարտի, 2018

Մարտի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Մայքլ Ֆորբսին (նստավայրը՝ Սոֆիա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով Մայքլ Ֆորբսին` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր նպաստը կբերի հայ-իռլանդական հարաբերությունների առավել խորացմանը և ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ֆորբսը հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը հայ-իռլանդական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը և Մայքլ Ֆորբսը քննարկեցին երկկողմ օրակարգի հարցեր, անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացման և առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ համատեղ քայլերին, ընդգծեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, մշակույթային փոխանակումների խթանման կարևորությունը:

Երկուստեք նշվեց, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարող է հնարավորություններ ընձեռել ինչպես Հայաստան-ԵՄ ձևաչափում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների առավել խորացման և ընդլայնման համար:

Նախարար Նալբանդյանը դեսպան Ֆորբսին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
 

Տպել էջը