Իտալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

26 մարտի, 2018

Մարտի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով դեսպան Դել Մոնակոյին դիվանագիտական առաքելության ընթացքում` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի հայ-իտալական բազմադարյա պատմություն ունեցող հարաբերություններին, որոնք նշանավորվել են փոխադարձ բարեկամության դրսևորումներով և բարի ավանդույթներով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Դել Մոնակոն վստահեցրեց, որ կներնդի առավելագույն ջանքերը առավել խորացնելու երկկողմ բարեկամական սերտ փոխգործակցությունը՝ նորանոր ձեռքբերումներ գրանցելու նպատակով:

Նախարար Նալբանդյանը և դեսպան Դել Մոնակոն քննարկեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջխորհրդարանական շփումների ակտիվացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց գիտակրթական և մշակութային համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Էդվարդ Նալբանդյանը և Վինչենցո Դել Մոնակոն արձանագրելով, որ վերջին տարիների ընթացքում հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման դրական դինամիկա են գրանցել՝ ընդգծեցին, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է առկա ներուժի առավել լիարժեք օգտագործումը։

Կարևորվեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որը կարող է նպաստել նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
 

Տպել էջը