Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Ռումինիայում

01 ապրիլի, 2018

Ապրիլի 1-ին Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի աջակցությամբ Հայոց մշակույթի տանը՝ Դուդյան գրադարանում, տեղի ունեցավ Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում: Հանդիսությունը ներածական խոսքով բացեց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տաթև եպս. Հակոբյանը, որին հաջորդեց Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի ելույթը:

Դեսպան Մինասյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ 30 տարի առաջ, ազդարարելով Արցախի ազատ ապրելու կամքն ու իրավունքը և ծնունդ տալով արցախյան շարժմանը, հայ ժողովուրդը բացեց իր դարավոր պատմության ևս մեկ փառավոր էջը: Արցախյան շարժումն ազատության ու արդարության պայքար էր, որին միացավ ամբողջ աշխարհի հայությունը. այն հայ ժողովրդի հավաքական կամքի դրսևորման և ազգային վերածննդի պահն էր, երբ մեկ միասնական բռունցք դարձան Հայաստանը, Արցախը և սփյուռքը:

Ելույթներով հանդես եկան նաև Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Վարուժան Ոսկանյանը, խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ռումինահայ գրող, հրապարակախոս, Սարգիս (Սերջիու) Սելյանի «Արցախ՝ երկիր, որ կա» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացրեց և Սարգիս Սելյանի ողջույնի խոսքը ընթերցեց «Արարատ» հանդեսի խմբագիր, պատմաբան Էդուարդ Անտոնյանը: Միջոցառումը լուսաբանվեց նաև ռումինական մամուլի ու հեռուստատեսության կողմից:

Տպել էջը