ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցեց ԱԺ Արտաքին հարաբերությունների և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին

09 ապրիլի, 2018

Ապրիլի 9-ին կայացավ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր»-ը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նիստին որպես գլխավոր զեկուցող հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, որպես հարակից զեկուցողներ՝ վերոնշյալ հանձնաժողովների նախագահներ Արմեն Աշոտյանը և Նաիրա Զոհրաբյանը։ Նիստին մասնակցում էր նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Կարեն Նազարյանը ներկայացրեց ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի նախապատմությունը՝ սկսած բանակցությունների մեկնարկից մինչև համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ նոր շրջանակային փաստաթուղթը մեծապես կնպաստի ՀՀ-ԵՄ միջև երկխոսության խորացմանն ու ընդլայնմանը համագործակցության տարբեր ոլորտներում։

Անդրադառնալով համաձայնագրի վավերացման անհրաժեշտությանը՝ փոխնախարարը նշեց, որ ՀՀ կողմից վավերացման գործընթացն ավարտին հասցնելուց և այդ մասին ԵՄ կողմին ծանուցելուց հետո հնարավոր կլինի գործարկել համաձայնագրի ժամանակավոր կիրարկման դրույթը, որը, մինչև ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելը, հնարավորություն կընձեռի կիրարկելու ՀԸԳՀ դրույթների մեծ մասը։ Միևնույն ժամանակ, նախարարի տեղակալը շեշտեց, որ ԵՄ անդամ երկրները բազմիցս հայտարարել են համաձայնագիրը վավերացնելու իրենց պատրաստակամության և քաղաքական կամքի առկայության մասին, իսկ Էստոնիան դարձավ ԵՄ անդամ առաջին երկիրը, որն ավարտել է ՀԸԳՀ-ն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

Նախարարի տեղակալ Նազարյանը հավելեց, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակական աշխատանք են տանում անդամ երկրներում՝ խթանելու համաձայնագրի վավերացման գործընթացը։ Սակայն համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար յուրաքանչյուր երկիր ունի ներպետական տարբեր ընթացակարգեր։

Այնուհետև, Կարեն Նազարյանը պատասխանեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ հանձնաժողովների անդամների բազմաթիվ հարցերին: Անդրադառնալով նաև համաձայնագրում առկա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ դրույթին՝ Կարեն Նազարյանը նշեց, որ դրանում հստակորեն ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը: Համաձայնագրում շեշտվում է նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների` մասնավորապես, ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից խուսափելու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտությունը՝ նշելով նաեւ կարգավորման գործընթացին աջակցելու Եվրոպական միության հայտարարված հանձնառությունը։

Նիստի ավարտին հանձնաժողովների դրական եզրակացությամբ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներառվեց ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում։
 

Տպել էջը